ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մշակութային եղեռնը մեր երկրում շարունակվում է

Մշակութային եղեռնը մեր երկրում շարունակվում է
22.03.2023 | 10:20

Պատմության ծանր շրջափուլեր հայ ժողովուրդը շատ է ունեցել: Սակայն, երբեք չի կորցրել իր հոգևոր նկարագիրը: Փորձեք թերթել ավելի քան մեկ դար առաջ լույս տեսած հայ մամուլի հին էջերը. դուք կհանդիպեք 1915-ին՝ Հայոց ցեղասպանության օրերին լույս տեսած բազմաթիվ հոդվածների, որոնց հեղինակները եղել են հայ մշակույթի և թատրոնի գործիչները: Ապշելու երևույթ է, որ Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերից մեր մտավորականներին հասնող արհավիրքի, սրախողխող եղած մեր նահատակների մասին պատմող հոդվածների կողքին հանկարծ կարդում ես, օրինակ, հայ թատրոնի ռեժիսոր, բեմադրիչ, դերասան և թատրեկան գործիչ Ամո Խարազյանի հոդվածը, թե ինչպես պետք է կարողանանք պահպանել հայ թատրոնը, ի՞նչ նոր պիեսներով հարստացնել խաղացանկը:

Կարծում եք՝ մեր արվեստագետը չի՞ հասկացել, թե ինչ է գրում: Ամենևին: Նա այդ ամենը գրել է փոթորկալից սրտով, հոգու կսկիծով՝ հասկանալով, որ մահվան վտանգի մեջ հայտնված ազգը թշնամուն էլի՛ հաղթելու է իր մշակույթը պահպանելով:
Ես այս օրինակը հենց այնպես չեմ բերում:
Անցել է ավելի քան 100 տարի, և աշխարհում տեղի ունեցող հոգևոր-ազգային մարտահրավերները մեզ դարձյալ կանգնեցրել են մի իրական ԳՈՅԱՊԱՅՔԱՐԻ առաջ: Փոխվել են ժամանակները, թվում է՝ փոխվել են ազգերին ցեղասպանելու գործիքները, սակայն նույնն է թշնամի ուժերի նպատակը՝ պետությունները զավթել ներսից ու արգելել նրանց ազգային մշակույթը:
Այս իրականության մեջ ենք ապրում 2018-ից ի վեր: Սկզբից հարձակում դասագրքրերի, հայագիտության դեմ, այսօր նաև՝ թատրոնների լուծարում:
Հարձակման թիրախում է հայ թատրոնը. դրա դրսևորումներից մեկին էլ հիմա ենք ականատես. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը որոշել է լուծարել 1988-ի մեր ազգային զարթոնքի օրերի ծնունդ «ԳՈՅ» թատրոնը և միացնել 1922-ին հիմնադրված՝ արդեն 100-ամյակը բոլորած Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին: Ի՞նչ մոտեցում է սա: Պետական մակարդակով շնորհավորա՞նք թատրոնի 35-ամյակի նախաշեմին: Արդյոք պատկերացում ունե՞ն, որ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնը և «Գոյ» թատրոնը միանգամայն տարբեր աշխարհներ են, տարբեր գեղագիտություն և փիլիսոփայություն ունեն, հայ մշակույթի պատմության տարբեր էջեր են, ի վերջո, տարբեր արժեքներ են: Եվ այս աշխարհները չեն կարող բախվել, առավել ևս՝ տարրալուծվել: Երկուսն էլ պիտի ունենան իրենց հարատև ընթացքը:
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյա պատմության մասին անվերջ կարելի է խոսել: ՈՒ գրել են շատերը: Թատերագետների ոչ մի սերունդ չի հասցնելու ամփոփել այն հարուստ ժառանգությունը, որ ամբարել է Մայր թատրոնը:
Իսկ «Գոյ» թատրոն-լաբորատորիայի ստեղծման պատմությունը մեզ տանում է մեր ազգի գոյապայքարի օրերը՝ դեպի 1988 թվական, որը հիմնադրվել է թատերական գործիչների միությանը կից՝ ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի աջակցությամբ:
Դեռ Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում էր սկսվել Արսեն Աբրահամյանի, Սամսոն Ստեփանյանի և Արթուր Սահակյանի համագործակցությունը: Այն շարունակվում է «Կամերային» թատրոնում, որտեղ 1981-ից ստեղծագործում էր նաև Արմեն Մազմանյանը: Եվ այս չորս արվեստագետները միմյանց համախոհներ գտնելով` 1988 թ. հեռանում են «Կամերային»-ից, իրենց թատրոնը ստեղծելու նպատակով: Համախմբվեցին, հաղորդակցվեցին մտքերով և հաստատվելով Սունդուկյանի անվան թատրոնի ձեղնահարկում՝ սկսեցին «թատրոն կառուցել»:
«Գոյ» թատրոնի ներկայացումների արխիվն եմ ուսումնասիրում: Եվ տարիների հեռվից բացահայտում եմ, որ այն մեր ազգային-մշակութային կյանքում իր գոյության ընթացքում դարձել է արժեք՝ իր հետ բերելով մի նոր բացառիկ ուղղություն :
«Գոյ» թատրոնը ստեղծող արվեստագետները ասպարեզ եկան ՝ ի սկզբանե իրենց առաքելությունն ու ուրույն ձեռագիրը որդեգրած:
Մեր երկրի համար ծանրագույն այդ օրերին (1988-ի աղետալի երկրաշարժ, Հայաստանի արևմտյան՝ մյուս թշնամի հարևան երկրում հայերի հանդեպ ցեղասպան գործողություն ու բռնագաղթ) նրանք իրենց բեմադրած գործերով հանդիսատեսին ոգեշնչել են խորհելու ազգի գոյաբանական ընթացքի, գոյապայքարի, մարդու հոգու և էության մասին, խորհել մե՛ր անցնելիք ճանապարհի մասին:
Սա եղել է էության թատրոն:
Մարդիկ, ովքեր հասցրել են դիտել «Գոյ» թատրոնից թեկուզ մի քանի ներկայացում, ապա կվկայեն, որ հայ և համաշխարհային դրամատուրգիայի մեջ բազմաթիվ են դասական ու ժամանակակից առանցքային գործեր, որոնց իր ուրույն ձեռագրով անդրադարձել է «Գոյ»-ը:
Չի շրջանցել անգամ դրանց ուղղությունները՝ դասական պիեսներից մինչև էքզիստենցիալիզմ , աբսուրդի թատրոն, մինչև ժամանակակից դրամատուրգների գործեր: Եվ բեմադրել է նորարարական մոտեցումներով:
Դրանցից մի քանիսը նշելն էլ բավական է, որ ի ցույց դրվի թատրոնի խաղացանկի հարստությունն ու բազմաժանրությունը.
Այսպես. Ժ. Բ .Մոլիերի «Սկապենի արարքները» կատակերգությունը, Սեմյուել Բեքեթի «Դեպի վերջ» ներկայացումը, Ալբեր Կամյուի «Օտարը» հոգեբանական դրաման, Վիլիամ Սարոյանի «Քարանձավի մարդիկ» ներկայացումը, Աղասի Այվազյանի «Արալեզ» լիրիկական դրաման:
Առանձնահատուկ հիշատակման է արժանի Սամսոն Ստեփանյանի «Խոսիր ինձ հետ սիրո մասին. (Տոնինո Գուերրայի ստեղծագործությունների մոտիվներով)» ներկայացումը:
Պետական օղակներում գտնվողների համար հատուկ նշեմ , որ Տոնինո Գուերրան եղել է համաշխարհային կինոհանճարներից մեկը, ում իրավամբ անվանել են Վերածննդի մարդ, ով մեծ կապեր է ունեցել Հայաստանի հետ, մոտ է եղել Սերգեյ Փարաջանովին: Եվ ամեն անգամ Հայաստան այցելելիս նրա համար առաջին կանգառը եղել է Սերգեյ Փարաջանովի թանգարանը:
«Գոյ» թատրոնը չի անտեսել որևէ ազգային արժեք, ինչի վկայությունը եղել է, օրինակ, «Հովհաննես Թումանյան. հավերժի ճամփորդ» պոեզիայի երեկոն:
Եվ այս ամբողջ շարքում կա մի արժեքավոր գործ ևս. «ԳՈՅ» թատրոնի խաղացանկում է «Գարեգին Նժդեհ. Իրական առասպել» (պատմական հետազոտություն 1 գործողությամբ) ներկայացումը, որի բեմադրող ռեժիսորն է Արթուր Սահակյանը. արվեստի ու ամենից առաջ հայրենիքի նվիրյալ մի մարդ, ով արդեն չորս տարի պայքարում է մեր ազգի համար գոյաբանական վտանգ ներկայացնող այս ապազգային ուժերի դեմ:
-«Ծանիր զքեզ», -ասում են մեր եկեղեցու իմաստուն հայրերը: Իսկ Գարեգին Նժդեհը մեր ազգային ինքնաճանաչողությանը հասնելու ճանապարհն է: Դրա համար էլ նրան չեն ներում մեր թշնամի ուժերը: Նժդեհի պատմական ու ազգային գաղափարաբանական դասերը մեր գոյության միջնաբերդն են, որ պիտի դառնան մեր հոգենորոգման սկիզբը: Գարեգին Նժդեհի ցեղակրոնությունը որևէ առնչություն չունի ուրիշ ազգերի քաղաքակրթությունը ժխտելու հետ, ինչպես ուզում են կեղծ քարոզներով ներկայացնել այսօրվա պաշտոնյաները:
Նժդեհն ինքն ասում է.
-Ես կարդացի ցեղիս թողած աստվածային հետքերը երկրագնդի վրա, համբուրեցի, պաշտեցի. Ես դարձա ցեղակրոն:
Եվ ահա Նժդեհին որպես ազգային արժեք դավանող ու ներկայացման տեսքով քարոզող թատրոնը կանգնած է չլինելու փաստի առաջ:
Բարեբախտաբար, թատերական աշխարհը լուռ չէ. բազմաթիվ արձագանքներ կան տարբեր թատրոնների արտիստների ու ռեժիսորների կողմից: Տեսանելի է, որ «Գոյ» թատրոնը միակը չի լինելու , որը հայտնվել է հարվածի տակ: Հաջորդը լինելու են մյուս թատրոնները: Իսկ թատրոնն ինքն ազգի մշակույթի մի կարևոր բնագավառն է, նրա կենդանի էությունը: Մշակույթը ազգի հոգևոր անվտանգությունն է, մեր դարպասներն են: Այսօր մենք մեր նյութական Հայրենիքն ենք կորցնում: Իսկ հայրենիքն ու մշակույթը իրարից տարաջատված չեն: Ջնջեցի՞ն մշակույթը՝ մեր հոգևոր միջնաբերդն ու սյունը, շարունակելու ենք կորցնել նաև Հայրենիքի սահմանները: Հազարամյակների մի ազգ կդառնա անգո մի գոյություն:
Այսօր մեր բոլորի նպատակը մեկը պետք է լինի պայքարել՝ պահպանելու համար «Գոյ» թատրոնը, ոտնձգությունից հեռու պահել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն ու մշակույթի մյուս օջախները: Եվ երբ գա օրը, և մենք ձևավորենք ազգային իշխանություններ, մեր բանակը վերականգնելուն զուգահեռ՝ պետք է որդեգրենք նաև Մշակույթին որպես ազգային-ռազմավարական արժեքի ու ոլորտի վերաբերվելու գաղափարը, որ շարունակվի մեր գոյաբանական ընթացքը՝ որպես ազգ:
Սա միայն «Գոյ» թատրոնի խնդիրը չէ: Հիշում ենք, որ դեռ պատերազմի արհավիրքից առաջ էլ որոշում էր ընդունվել լուծարել ազգային մշակութային ժառանգություն պահպանող ու քարոզող երաժշտական կոլեկտիվները: Եվ մինչ թշնամին մեզ տարածքային նոր պահանջներ է ներկայացնում մեր իսկ պատմական հայրենիքի նկատմամբ, մենք ներսում շարունակում ենք կորցնել մեր հոգևոր դաշտը բոլոր ասպարեզներում:
Ես որպես մշակույթի ու հայագիտության բնագավառին նվիրված լրագրող՝ զորակցությունս եմ հայտնում «Գոյ» թատրոնի կոլեկտիվին, որտեղ իմ՝ անկախ Հայաստանում մեծացած սերնդին ճշմարիտ մշակութային արժեքներ փոխանցած շատ արվեստագետներ են աշխատել և աշխատում:
ՈՒզում եմ այս ընդարձակ անդրադարձն ավարտել Լեռնահայաստանի Սպարապետ մեծն Նժդեհի խոսքերով.
-«Երկիրը դա հայրենիքի աշխարհագրական զրահն է: Հայրենիքը այդ երկրի մշակող ժողովրդի ոգին է, նրա մշակույթը»:
ՈՒրեմն , պահենք ա՛յդ Մշակույթը, որ անհայրենիք չդառնանք վաղը…

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ
Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ

Դիտվել է՝ 7900

Մեկնաբանություններ